Encyclopedia

Գրիգոր Տաթևացի

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից էր, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Նա ծնվել է 1346թ.-ի դեկտեմբերի 27-ին:

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ:

 

Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 

 

Տաթևացին 1390թ.-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը:
 
Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում:
 
Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.